Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երկրային կյանքի թանկարժեք մարգարիտներն աղոթքի և հավատի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են

Երկրային կյանքի թանկարժեք մարգարիտներն  աղոթքի և հավատի միջոցով մեր  կատարած բարի ու արդար գործերն են
09.04.2013 | 11:43

Մատթեոսի Ավետարանի 13-րդ գլխի 45-46 համարներում մեր Տերն ուրիշ առակների շարքում պատմում է նաև Իրական Մարգարիտի առակը:

Երանության լեռան վրա Հիսուսի առաջին քարոզով իսկ աշխարհի թշվառությունը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած մարդիկ մի այլ ճշմարտություն տեսան: Երկնքի թագավորությունը ժառանգություն էր տրվում երեկվա խեղճ ու աղքատ, երկրի վրա թագավորներից ու աշխարհի իշխաններից միայն զրկանք ու արհամարհանք տեսած մարդկանց:
Հովհաննես Մկրտիչն անապատում խոսում ու նախապատրաստում էր մարդկանց սրտերը, որպեսզի ապաշխարությամբ մաքրվեն, սրբվեն և արդար ու բարի գործեր կատարեն. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է: Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները, նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:2,11): Հիսուսի խոստացածը, սակայն, ավելի իրական ու շոշափելի էր, քանի որ Նրան հավատացողը պիտի ճաշակեր Աստծու թագավորությունը ժառանգելու քաղցրությունը։
Ամեն ժառանգություն կամ մեծ ու փոքր հարստություն ձեռք է բերվում միայն զոհողությամբ, այսինքն` ծանր և երկարատև աշխատանքով: Անշուշտ, լինում են դեպքեր, երբ մարդու «բախտը» բերում է ու չսպասված տեղից անակնկալ կերպով ժառանգում է նյութական մեծ հարստություն, սակայն դրանք շատ հազվադեպ են լինում: Իրապես չես կարող հարստանալ, եթե գիշեր-ցերեկ առանց հանգստի չաշխատես: Ես կարդացել եմ, որ մի մեծահարուստ մարդ իր ամբողջ կյանքն անցկացրել է մի երազով` դառնալ միլիոնատեր: Եվ առանց հանգստի աշխատելով` կյանքի հիսուներորդ տարում հասել է իր նպատակին, սակայն, դժբախտաբար կորցրել է ամենաթանկագին բանը` առողջությունը: Բժիշկը նրան արգելել է նույնիսկ մեկ կտոր միս ուտել և շատ այլ բաներ: Կարդացել եմ նրա խոսքն ուղղված մի առողջ մարդու. «Ամբողջ հարստությունս կտամ` քեզ պես առողջ լինելու համար»: Հիսուս, երբ հավատացյալին խոստանում է Երկնքի թագավորությունը, չի մոռանում նաև շեշտել զոհողությամբ դրան հասնելու դժվարություններն ու նեղությունները: Նա ասում է, որ Աստծու թագավորությունը նմանվում է մի վաճառականի, որի գործը ապրանք գտնելն ու ծախելն էր, նաև` թանկարժեք մարգարիտներ: Եվ այս վաճառականը մի մարդու մոտ տեսնում է մի թանկարժեք մարգարիտ: ՈՒշադրությամբ նայելուց, քննելուց հետո համոզվում է, որ այն շատ արժեքավոր է, ուզում է անպայման գնել, այնուհետև վերավաճառել, որպեսզի շատ դրամ աշխատի: Սակայն ցանկությունը քիչ էր. վաճառականն ստուգում է իր գրպանի դրամը, քիչ է լինում, ապա տուն է գնում, վաճառում կնոջ ամբողջ ոսկեղենն ու դրամի վերածում, այնուհետև վաճառում է այլ զարդեր և իրեր, մի խոսքով, կարողանում է հավաքել անհրաժեշտ գումարը ու մարգարիտը գնել: Ես պատկերացնում եմ, թե նա ինչպիսի ուրախություն պիտի ապրեր` իր առջև դնելով այդ արժեքավոր մարգարիտը (հմմտ. Մատթ. 13:46):
Առակի պատմությունն այս է. «Աստծու կամ երկնքի արքայությունն ընդհանուր մտքով նշանակում է, որ Աստված կատարելապես իշխում է ու ամեն ինչ կատարվում է Նրա կամքի համաձայն»,- ասում է 20-րդ դարի Սուրբ Էջմիածնի միաբանության նշանավոր դեմքերից լուսահոգի Կարապետ եպիսկոպոս տեր Մկրտչյանը և շարունակում. «Եթե ավետարանների մեջ շատ տեղերում արքայությունը ներկայացվել է իբրև մի բարիք, մի գանձ, որը պետք է աշխատենք ձեռք բերել, այդ նրա համար է, որ նույնիսկ Աստծու հովանավորության տակ գտնվելը, Նրա կամքի համաձայն շարժվելը նկատվում է իբրև բարձրագույն բարիք»:
Հիսուս, սակայն, բացատրում է, որ Երկնքի արքայությունը միանգամից չի կարող տեղի ունենալ, դրա համար ժամանակ է պետք: Ինչպես մանանեխի հատիկը ամբողջ բույսը պարունակում է իր սկզբնական վիճակում, այդպես էլ քրիստոնյան, որը մանանեխի հատիկի չափ հավատ ունի, Աստծու արքայությունը ժառանգելու և ստանալու երազն ունի իր սրտում: Եվ նա կարող է դա ստանալ, եթե արժանի է, անշուշտ, միայն այն ժամանակ, երբ մարմինը մեռնի, ու մնա Աստծու սիրով ստեղծված նրա անմահ հոգին:
Հասկանալի է, որ ապրելով այս երկրային կյանքում` բոլորս էլ մտածում ենք ինչ-որ ձևով ապահովել մեր ընտանիքների նյութականը, որպեսզի քիչ թե շատ լավ ապրելակերպ ունենանք: Իբրև կյանքի վաճառականներ` բոլորիս առջև միշտ էլ դրվում են թանկարժեք ու արժեքավոր մարգարիտներ, և մենք մտածում ենք դրանք վաճառելով ավելի օգուտ ունենալու մասին, որ մեր ընտանիքների ապագա երջանկությունն ապահովենք, այսինքն` ավելի պարզ ասած, հանգիստ քնենք ու դրամական մտահոգություն չունենանք:
Բայց հարց է ծագում, արդյոք ա՞յդ է Իրական Մարգարիտը, որը երկար ժամանակ փնտրում ենք: Քրիստոնյա մարդու պատասխանը պիտի լիներ. «Անշուշտ, ո՛չ»: Ինչո՞ւ: Ինչպես վաճառականի պարագայում ասացինք, նա ամեն ինչ արեց, որ այդ թանկագին մարգարիտը գնի, այսինքն` կարողացավ հավաքել անհրաժեշտ դրամը, նույնը համոզված ենք, պիտի աներ մեզնից ամեն մեկը, եթե դրա անհրաժեշտությունը զգացվեր: Պատկերացրեք, եթե մենք նույնպիսի հավատով, եռանդով ու աշխատասիրությամբ մեր ունեցած հարստությունը տրամադրենք` գտնելու Իրական Մարգարիտը` Ճշմարտության Բանալին, որ է մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոս, ապա վստահ եղեք, որ անպայման պիտի ժառանգենք երկնային թագավորությունը: Ո՛չ մի գանձ, հարստություն և ժամանակավոր երջանկություն չեն կարող փոխարինել հավիտենական այն ուրախությանը, որը Փրկիչն Ինքն է մեզ տալիս Իր թագավորական իշխանությամբ, Իր հույսով ու մանավանդ, մեր նկատմամբ ունեցած Իր անհուն սիրով:
ՈՒրեմն, լավ պիտի հասկանանք ու գիտակցենք, որ այս` երկրային կյանքի թանկարժեք մարգարիտներն աղոթքի և հավատի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են, որոնցով միայն պիտի կարողանանք Քրիստոսին ունենալ մեր մեջ: Քրիստոսին ունենալ մեր մեջ նշանակում է, ինչպես Ինքն է ասում. «Խաչն առնել ու գնալ Իր հետևից», այսինքն` խնամել հիվանդին, մխիթարել սգավորին, բարձրացնել ընկածին, մի խոսքով` նմանվել աշխարհի Լույսին, մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին: Ամե՜ն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ